Ադրբեջանում 5 կասկածյալներ են ձերբակալվել դեկտեմբերի 6-ի առավոտյան Բաքվից հյուսիս' Գուբայի շրջանի Կրասնայա Սլոբոդա հրեաբնակ ավանի համայնքի ղեկավար Բորիս Սիմանդուեւի տան վրա զինված ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Հետաքննության տվյալներով' հենց նրանք են Սիմանդուեւին եւ նրա քրոջը' Լիզային մարմնական վնասվածքներ հասցրել եւ գողացել փող ու թանկարժեք իրեր: Փաստի առնչությամբ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ավազակություն» հոդվածով դատական գործ է հրուցվել:
Նշվում է, որ հարձակվողները դիմակներով են եղել, ինչը վկայում է այն մասին, որ նրանք տեղացիներ են: Սամանդուեւն' ինքը եւ նրա քույրը ֆիզիկական բռնության են ենթարկվել: Քրոջը դանակի վիրավորում է հասցվել, եւ նա հոսպիտալացվել է:
Ներկայում ադրբեջանական հասարակության ուշադրությունը սեւեռված է ոչ այնքան քրեական փաստին, այլ դրա դրդապատճառներին: Եթե հաստատվի, որ հարձակվողները կապ ունեն որեւէ կրոնական շարժման հետ, ապա հանցագործության բնույթը միանգամայն այլ կլինի:
Ադրբեջանի իրավապահ մարմինները հրաժարվում են մանրամասն մեկնաբանություններից:
Կրասնայա Սլոբոդան Ադրբեջանի հյուսիսում խոշոր ավան է, որտեղ պատմականորեն հավաք կերպով բնակվում են մոտ 30 հազար լեռնցի հրեաներ: