Տնտեսության եւ առեւտրի զարգացումը կդառնա Չինաստան-Եվրամիություն գագաթնաժողովի հիմնական թեման: Բելգիան դարձել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եվրոպական շրջագայության վերջին երկիրը, որի ընթացքում նա արդեն այցելել է Նիդեռլանդներ, Ֆրանսիա եւ Գերմանիա:
«Չինաստանը նպատակ ունի փոխշահավետ գործընկերություն զարգացնել Եվրամիության երկրների հետ»,- հայտարարել է Չինաստանի առաջնորդը բելգիացիների Ֆիլիպ թագավորի հետ մարտի 30-ին կայացած հանդիպմանը:
Մարտի 31-ին Սի Ցզինպինը բանակցություններ է վարելու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ-ի նախագահ Հերման Վան Ռոմպյոյի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: ՉԺՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության եւ ներդրումների հարցերից զատ, Եվրոպայի ղեկավարները մտադիր են արծարծել Չինաստանում մարդու իրավունքների խնդիրը եւ միջազգային հրատապ հարցեր:
Եվրամիությունը Չինաստանի գլխավոր առեւտրական գործընկերն է այն դեպքում, երբ վերջինս երկրորդն է Եվրամիության գործընկերների թվում, որոնցից առաջին տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ն, իսկ երրորդը՝ Ռուսաստանը: 2013 թվականին ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը հասել է 475 մլրդ եվրոյի կամ օրական 1,3 մլրդ եվրոյի: ԵՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ ռազմավարական առեւտրական գործընկերության հաստատման պահից անցած տասը տարվա ընթացքում նրանց միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացել է չորս անգամ:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը հայտնել է, որ գագաթնաժողովը կընթանա փակ ռեժիմով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: