Ակնհայտ է, որ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնաով ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներին:

 

«Սակայն, բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հնչած ելույթների ընթացքում՝ բացառությամբ մեկ-եր կու ելույթի, ես այդպես էլ չլսեցի առաջարկներ, թե ինչ ճանապարհով մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Այն, որ ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունն աշխատի, դա փաստ է:

 

Սակայն, եթե մենք շարժվեինք մեր ընդդիմադիր կամ ոչ իշխանական գործընկերների տրամաբանությամբ, այս ժողովուրդը բյուջե չէր ունենա: Եթե մի բան քննադատում եք, հարգելի բարեկամներ, պետք է առաջարկեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

Նա նկատեց, որ հնչած ելույթներում պետբյուջեի նախագծին ինչ անուն ասես, որ չի տրվել՝ ընդգծելով, որ պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: «Ծախսերի 47 տոկոսից ավելին սոցիալ-մշակութային ուղղվածություն ունեն: Հարց եմ տալիս' սա լա՞վ է, թե' վատ:

 

Երկրորդ' բյուջեի այս նախագծով ավելանում են պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը: Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության խնդիրներն արդիական են: Հիմա եթե մենք այս նախագծով ավելացնում ենք պաշտպանության ծախսերը' սա լա՞վ է, թե վատ»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը:

 

Անդրադառնալով հայտարարություններին, թե Ադրբեջանը մեծ թափով զարգանում է, իսկ Հայաստանում զարգացման նախադրյալներ չկան՝ Շարմազանովը կոչ արեց Հայաստանն Ադրբեջանի հետ չհամեմատել: «Եթե Հայաստանում նավթահոր եք գտել, նոր գազի պաշարներ եք գտել, ասեք' մենք էլ իմանանք: Չի կարելի ամբոխահաճո հայտարարություններ անել և Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատել»,- նշեց նա:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարության առնչությամբ, թե իշխանությունները լավ կանեն' հրաժարական տան՝ ռոմանտիկ լինելով և հետևելով իրենց օրինակին, Շարմազանովն ընդգծեց, որ ռոմանտիզմը խանգարում է ոչ միայն իշխանությանը, ոչ միայն ընդդիմությանը, այլ առաջին հերթին՝ հասարակությանը: «Մենք կուշտ ենք այդ ռոմանտիզմից: Եվ դուք էլ արդեն հրաժարական տվել եք: Մեզ Ձեր հրաժարականներով մի գայթակղեք»,- ընդգծեց Շարմազանովը:

 

 

Նա նաև անդրադարձ կատարեց որոշ պատգամավորների կարծիքին, թե գործող կառավարությունը ժամանակավոր է: «Եթե ձեր գործունեությունը քաղաքական դաշտում ժամանակավոր է, մի կարծեք, որ այս կառավարությունը ժամանակավոր է: Այս կառավարությունը ունի հստակ ծրագիր, հստակ թիրախներ, որի ուղղությամբ էլ գնալու է: Ասում եք' զարգացում չի ապահովում կառավարությունը: Ինձ մեկ-մեկ թվում է՝ դուք այս աշխարհից չեք, չեք տեսնում' ինչ է կատարվում աշխարհում՝ Մերձավոր Արևելքում, ԱՊՀ տարածաշրջանում, մեր սահմանների մոտ:

 

Իսկ ձեզ էլ թվում է, թե Հայաստանը Լյուքսեմբուրգն է կամ Շվեյցարիան, որոնք չունեն ոչ անվտանգության խնդիր, ոչ կոմունիկացիաների խնդիր, չունեն խնդիրներ հարևանների հետ: Եթե երազանքների կամ ցանկությունների մասին է խոսքը, ես ձեզանից էլ շատ լավ երազանքներ ունեմ: Ես չեմ ցանկանում, որ այս բյուջեն լինի այս չափով, ես ուզում եմ, որ այն լինի 10 անգամ ավելի շատ:

 

 

Ես ցանկանում եմ, որ մեր քաղաքացու միջին աշխատավարձը լինի 5000 դոլար: Երազելը վնասակար չէ, սակայն եկեք իրատես լինենք, բարեկամներ: Մի քիչ իրատես եղեք: Լուծում է հարկավոր գտնել, ոչ թե միայն խոսել»,- նշեց նա:

 

Շարմազանովը համաձայնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկման հետ, թե կառավարությունը պետք է լսի քննադատությունները և հետևություններ անի: «Ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության իշխանությունն է, այլ այն մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում փոքրամասնության իրավունքների հետ:

 

Բայց ես այստեղ շատ քիչ առաջարկներ լսեցի: Իսկ կառավարությունն այսօր այստեղ է, որպեսզի լսի այդ առաջարկները և հաջորդ քննարկման ընթացքում ներառի այն առաջարկները, որոնք իրատեսական են: Եվ մենք տեսել ենք, որ բազմաթիվ առաջարկ ներ ներառվել են: Սակայն չի կարելի գնալ նիհիլիստական ճանապարհով: Եթե ձեր խելքին ընկնենք, մերժենք բյուջեն, այդ դեպքում' ի՞նչ ենք բերում:

 

Դուք ոչ մի բան չեք առաջարկում: Հանրապետականի համար չկան թշնամիներ, Հանրապետականի համար, կառավարության համար դուք բոլորդ բարեկամներ եք, որովհետև մենք մի նավի անդամներ ենք, մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, և մենք բոլոր ունենք պատասխանատվություն մեր ժողովրդի առջև, և այդ պատասխանատվությունից ելնելով, մենք ձեզ առաջարկում ենք կողմ քվեարկել այս բյուջեին, քանի որ այն իրատեսական է, սոցիակակ ան է, և այն ավելի ուժեղ է դարձնելու Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Շարմազանովը՝ ևս մեկ անգամ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել բյուջեին: