ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:

 

Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի' Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրովան վերահաստատել է Չեխիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը, ինչի կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը:

 

Նրա խոսքով' Չեխիան այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, քանի որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որեւէ երկրի դեմ. այն կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները: ԱԺ փոխնախագահի համոզմամբ' քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել և չի գնահատել որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է' դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:

 

Էդուարդ Շարմազանովը Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: