ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 8-ին Տավրիկյան պալատում աշխատանքային հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
ԱԺ փոխնախագահը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա իր զրուցակցին տեղեկացրել է մի շարք երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշների ներկայացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Էդուարդ Շարմազանովն Ալեքսեյ Սերգեևին առաջարկել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաև Տավրիկյան պալատում, ինչպես նաև ցեղասպանությանը նվիրված համաժողով հրավիրել: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: