Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ: Կողմերը կարևորել են միջմարզային համագործակցության շարունակականությունն ու հետագա խորացումը՝ նկատելով, որ ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ կան: ԱԺ փոխնախագահը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ անդրադառնալով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Հայաստանի մարզերի և Մորավո-Սիլեզյան երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հնարավոր համագործակցություն ծավալել:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Նույն օրը խորհրդարանական պատվիրակությունն այցելել է նաև Մարլենկա միջազգային ընկերություն, որն իր ապրանքատեսակներն է արտահանում աշխարհի շուրջ 35 երկիր: