Ներկայումս մշակման փուլում գտնվող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծը հնարավորություն կտա վերահսկել անձնական տվյալների օգտագործումը, և կսահմանվեն վարչական տույժերի կիրառման դրույթներ:

 

Այս մասին նոյեմբերի 13-ին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի պետ Լիանա Ղալթաղչյանը:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանի կարծիքով' այս նախագիծը կոչված է լինելու փոխարինել «Անհատական տվյալների մասին» օրենքը, և ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ նոր օրենքի նախագծում առկա դրույթները կարող են առաջացնել խոըչնդոտներ: «Մենք գտնում ենք, որ նոր օրենքի նախագծում ամբողջությամբ արտացոլված չէ հանրային շահը: Ցավոք, դժվար է սպառիչ նշել բոլոր դրույթները, թե որ դեպքում է առկա հանրային շահ և որտեղ՝ ոչ:

 

Երբեմն լինում են դեպքեր, երբ առկա է հանրային հետաքրքրու թյունը տվյալ հարցի վերաբերյալ, սակայն օրենքի մեջ պետք է սահմանվի այն դրույթը, թե որ դեպքերում են անհատական տվյալները հրապարակվում են հանրային շահից ելնոլով՝ առավելապես լրագրողական գործունեություն իրականացնելիս: Սա առավելապես վերաբերվում է ԶԼՄ-ներին», - ասաց Գևորգ Հայրապետյանը:

 

Իրավաբանը օրինակ բերեց, որ խնդիրների առաջացումը կարող է տեղի ունենալ պաշտոնյայի աշխատանքի չարաշահման և նրա ընտանիքի գույքի մասին տեղեկության օգտագործման վերաբերյալ նյութ գրելիս: Այդ դեպքում պաշտոնյան կարող է ասել, որ իր անձնական տվյալները հրապարակել են առանց իր նախնական թույլատվության:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից' օրենքների և դատական նախադեպերի մանրամասն կատարված ուսումնասիրությունների հիման վրա առանձնացվել է երկու մոտեցում՝ մասնավոր կյանքի և անհատական տվյալների հասկացությունների վերաբերյալ: Արդյունքում դուրս է բերվել այն դրույթը, որ մասնավոր կյանքը համարվում է անհատական տվյալների ընդհամենը մեկ բաղկացուցիչ մասը:

 

«Անհատական տվյալների ուժեղ պաշտպանության համակարգ ունենալու խնդիրը, մասնավորապես, առնչվում է թվային տեխնոլոգիաների հետ: Այսինքն' որքան զարգանում են թվային տեխնոլոգիաները, այնքան ավելի է շատանում անհատական տվյալների պաշտպանության ուժեղ համակարգի առկայության պահանջը», - ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

 

Նրա կարծիքով' նոր օրենքի նախագծում չկա տեսլական, որը շատ եվրոպական երկրներում որդեգրված է, որպեսզի գոյություն ունենա միասնական համակարգ, որտեղ անձի վերաբերյալ տվյալները ամբողջությամբ հավաքվեն մեկ կենտրոնում և ցանկացած պետական մարմին, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն ունենա օգտվել այդ համակարգից: Իսկ նմանատիպ համակարգի առկայության դեպքում նաև անձին շատ հեշտ կլինի վերահսկել իր անձնական տվյալների օգտագործումը:

 

«Նոր օրենքի նախագիծը չի կարգավորում օպերատիվ-հետախուզական գործունեությունը, դատավարության ընթացքում մշակվող տվյալները, պետական ծառայողական գաղտնիք հանդիսացող տվյալները, բանկային, նոտարական, ապահովագրական ծառայությունների տվյալները:

 

Հաշվի առնելով վերջերս մարդկանց տվյալների համացանց արտահոսքի դեպքը' մենք նախաձեռնեցինք այս նոր օրենքի մշակումը», - ասաց Լիանա Ղալթաղչյանը: Նա հավելեց, որ խնդիրն այն է, որ առկա օրենքը չի սահմանում վարչական պատասխանատվություն: Նոր օրենքի հետ ներկայացված փաթեթում ներառված են դրույթներ, որոնք լրացնելու են նախկին օրենքում առկա նմանատիպ բացերը:

 

ՀՀ ԱՆ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի պետը նաև հիշեցրեց, որ օրենքը դեռ գտնվում է մշակման փուլում և դրա վրա աշխատողները բաց են բոլոր առաջարկների վերաբերյալ: