ԵԽԽՎ այսօրվա նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Իր ելույթում նա անդրադարձել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի կողմից ներկայացված՝ Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցին՝ մեջբերելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արձագանքները:
Ստորև ներկայացնում ենք ելույթը, որը մեզ է տրամադրել Նաիրա Զոհրաբյանի գրասենյակը.
«Հարգարժան գործընկերներ,
Իմ ելույթը ես կառուցելու եմ ոչ թե սեփական դիտարկումների վրա, որպեսզի հերթական անգամ չմեղադրվեմ «դեմոկրատական Ադրբեջանի» բարի անունը սևացնելու մեջ, այլ հղում կանեմ բացառապես Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զեկույցներին, որոնց դեռևս Ալիևի վարչակազմը չի հասցրել գցել բանտերը, ինչպես իր մնացյալ բոլոր ընդդիմախոսներին:
Եվ այսպես, ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտն ու Ժոզեֆ Գրեշը ներկայացրել են իրենց զեկույցը Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ: Զեկույց, որը բազմաթիվ հարցեր է առաջացրել ոչ միայն մեր ԵԽԽՎ պատգամավորների մոտ, այլ հենց Ադրբեջանի հանրության, քաղաքացիական հասարակության շրջանում, այն մի քանի քաղաքացիական ակտիվիստների շրջանում, որոնց դեռևս ալիևյան կլանը չի կարողացել կաշառել, չի դարձրել պալատական ընդդիմախոսներ: Ադրբեջանցի հայտնի հասարակական գործիչ, «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի գնահատմամբ՝ Ագրամունտի և Գրեշի ահա այս զեկույցը կարծես թե գրվել է Ալիևի աշխատակազմում: Եվ պատճառը, ըստ ադրբեջանցի գործչի, այն է, որ համազեկուցողները կաշառվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս պնդումը անում են ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստները: Ըստ տիկին Յունուսի, համազեկուցողներն ուղղակիորեն արհամարհել են Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ խախտումների, իշխանության մաֆիոզ կառուցվածքի, մամուլի ազատության դեմ ճնշումների, քաղաքացիների ահաբեկման, ընդդիմախոսների հետ հաշվեհարդարների բազմակի դեպքերը, որոնք վերջիններս ներկայացրել են համազեկուցողներին:
«Ադրբեջանի քաղաքական իշխանությունը կառուցված է քաղաքական բանտարկյալների առկայության վրա, և այդ մասին համազեկուցողները լռում են», - հայտարարել է Լյլա Յունուսը: Յունուսը նշում է նաև, որ Ադրբեջանում 89-ից ավելի քաղաքական հայացքների համար ձերբակալված անձ կա, որոնց մեղադրանք է հարուցվել այլ հոդվածներով՝ քողարկելու համար քաղաքական ենթատեքստը: Բողոքելով Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների պատրաստած զեկույցից, որը արտահայտում է բացառապես ալիևյան կլանի տեսակետը, Ադրբեջանի 38 հասարակական կազմակերպություններ նամակ են հղել ԵԽԽՎ-ին, պահանջելով հստակ վերաբերմունք արտահայտել Ագրամունտի և Գրեշի հանդեպ, որոնցից առաջինն, ի դեպ, իր պատվավոր տեղն ունի «Ադրբեջանի խավիարակիրների» ցուցակում: Ադրբեջանցի մեկ այլ գործչի՝ Անար Մամեդլիի գնահատմամբ՝ համազեկուցողները արհամարհել են խաղաղ հավաքների, ցույցերի, խոսքի ազատության նկատմամբ ճնշումների բազմակի դեպքերը: «Համազեկուցողների նման աշխատաոճը մեծ հարված է Եվրոպայի Խորհրդի վարկանիշին»,- իրենց նամակում նշում են քանի տասնյակ ադրբեջանական հասարակական կազմակերպություններ:
Իսկ ինչ վերաբերում է այնպիսի զգայուն խնդրի, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հարցն է, ապա Ագրամունտն ու Գրեշը այստեղ ևս աչքի են ընկել խայտառակ նորարարությամբ՝ փորձելով խմբագրել միջազգային իրավունքի ընդունված նորմերը, հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող կազմակերպության գնահատականներն ու եզրահանգումները: Ինչեր ասես չեն արել համազեկուցողները՝ հանուն ալիևյան կլանի համարժեք վերաբերմունքի: Ուստի պատահական չէ, որ հայկական պատվիրակության որևէ առաջարկ, որը մենք ներկայացրել էինք բացառապես Լեռնային Ղարաբաղի մասով, համազեկուցողների կողմից չի ընդունվել: Դա երևի թե չի մտել խայտառակ գործարքի գնի մեջ:
Հարգելի գործընկերներ, իրապես սթափվելու ժամանակն է: Ակնհայտ է, որ ներկայացված զեկույցից նավթադոլարի հոտ է փչում: Նման զեկույցները հեղինակազրկում են մեր կառույցը: Կառույց, որի գերագույն նպատակը պետք է լիներ արդարությունն ու ճշմարտությունը, այլ ոչ թե արդարության ու ճշմարտության անարգումը: Եվ մի բարեկամական հիշեցում Ադրբեջանի խավիարակիրներին: Խավիարի գերդոզան վնաս է առողջությանը: Մտածեք գոնե այդ մասին, եթե ձեր հեղինակությունը ձեզ համար այլևս ոչինչ է»: