Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ»-ը, մինչև գորգի ցուցադրությունը կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն եւ հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ազգային ակումբում հանդես կգան ասուլիսով եւ կներկայացնեն գորգի ստեղծման պատմությունը: Ասուլիսի ավարտից հետո կոնգրեսականները, ովքեր շուրջ մեկ տարի պայքարել են թուրքական քարոզչության դեմ եւ հասել գորգի ցուցադրության թույլտվությանը, կայցելեն Սպիտակ տուն' մասնակցելու ցուցադրույթի բացման արարողությանը:

 

Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության», որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սևրի ծաղկամանը' Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաև ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ԱՄՆ ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները' 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար:

 

1920թ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի հայ աղջիկները 10 ամիս շարունակ գործել են հայկական գորգը։ Այն ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին է ներկայացվել 1925 թվականի դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակ (1929 թվական) Քուլիջն իր հետ տանում է գորգը' որպես անձնական նվեր, սակայն 80-ականներին այն վերադարձնում են Սպիտակ տուն, որից հետո գորգը միայն երկու անգամ է հրապարակայնորեն ցուցադրվել:

 

Հայ որբերի գորգն ավելի քան քսան տարի պահված է եղել Սպիտակ տան նկուղում: Գորգի ցուցադրությունը մի քանի անգամ հետաձգվել է, ինչն առաջացրել է հայ համայնքի եւ մի շարք կոնգրեսականների վրդովմունքը: Հայ որբերի գորգի ցուցադրման թեման հատկապես վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային ու տեղական լրատվամիջոցների էջերում, քաղաքական գործիչների օրակարգում: Պատճառը նրա կապն է Հայոց ցեղասպանության հետ, գորգի խիստ խորհրդանշական բնույթը: Այն ընկալվում է որպես հայերի հայրենազրկման ու կոտորածների, որբ մնացած երեխաների ճակատագրի արտացոլում: Վաշինգտոնում խուսափում են գորգը հանրությանը ներկայացնելուց' փորձելով չնեղացնել թուրքերին: Թուրքիայում չեն ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մարմնավորող այս մասունքը հանրայնացվի եւ ամեն կերպ փորձում ենկանխել գորգի ցուցադրման ցանկացած փորձ:

 

Գորգը հարուստ է զարդանախշերով: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը:

 

Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմյան Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության, հենց այդ պատճառով էլ այն հաճախ անվանում են Ղազիրի գորգ: