Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի գործած հայկական պատմական գորգը 1925թ. հանձնել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: ԱՄՆ-ի հայերը Սպիտակ Տնից և Կոնգրեսից պահանջում են թույլատրել գորգի հրապարակային ցուցադրումը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն արշավը սկսել է «Վաշինգտոն փոստ» թերթի հրապարակումից հետո, ըստ որի, դեկտեմբերի 16-ին նախատեսված Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսին Հայ մշակույթային հիմնադրամի և Հայկական գորգագործության միության օժանդակությամբ որոշել էին ցուցադրել «Ղազիր» գորգը, սակայն Սպիտակ Տունը մերժել էր տրամադրել այն, որը մոտ 20 տարի է պահվում է Սպիտակ Տան պահեստում:
Ցուցահանդեսի շրջանակներում գորգը պետք է ցուցադրվեր Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին:
Այս թեմայի հետ կապված «JNS» լրատվականը գրում է, որ ոչ միայն հայ համայնքը պիտի անհանգստանա Սպիտակ Տան որոշման համար, այլև հրեա համայնքը, քանի որ եթե Սպիտակ Տունը քաղաքական նկատառումներով (նկատի ունի թուրք-ամերիկյան հարաբերությունները) հրաժարվում է տրամադրել գորգը, վտանգ կա, որ նման բան կարող է պատահել Հոլոքոստի հիշատակի հետ կապված: