ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի ամերիկահայությունը սիրիահայերին սատարելու կոչով բողոքի ցույցեր է անցկացրել Սպիտակ տան դիմաց: Ցուցարարները կոչ են արել նախագահ Բարաք Օբամային անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու թիրախավորված ռմբակոծությունները Հալեպի հայ բնակչության դեմ և բարձրացնելու իրազեկվածությունը հայ համայնքի զգալի հատվածի համար հայրենիք հանդիսացող սիրիական հյուսիսային քաղաքների վերահաս ոչնչացման մասին:

 

«Հալեպի բնակչությունը տառապում է անողոք ռմբակոծությունների հետևանքով, իսկ Նոր գյուղի հայկական համայնքը գտնվում է թուրքական կառավարության կողմից օժանդակվող ջիհադիստական խմբերի հարձակումների ողջ ծանրության տակ: Ժամանակն է, որպեսզի նախագահ Օբաման արագ ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա' ստիպելով դադարեցնել այս դաժանությունները»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչ Ռազմիկ Լիբարյանը:

 

Բողոքի ցույցերը շարունակությունն էին հունիսի 12-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի նամակի' ուղղված Բարաք Օբամային: Նամակում Խաչիկյանը հորդորել էր Սպիտակ տանը «հարկադրաբար միջամտել' օժանդակելու Հալեպի արիաբար մաքառող և անպաշտպան բնակչությանը»: Նա նաև պահանջել է Օբամայից «եկող շաբաթվա ընթացքում արտակարգ նիստ հրավիրել ամերիկահայ համայնքի կրոնական, քաղաքացիական, բարեգործական ընկերությունների և համայնքային առաջնորդների հետ' քննարկելու Հալեպի փրկության գործողությունների պլանը»:

 

2014 թվականի հունիսի առաջին օրերից սկսած Հալեպում և մասնավորապես հայկական Նոր գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց կարևոր բաժինը թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերն են, տարբեր տեսակի հրթիռներ և հրասանդներ են տեղացել և կշարունակեն տեղալ խաղաղ բնակչության վրա: Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել, որի հետևանքով երբեմնի հայաշատ թաղամասն այսօր աղետալի շրջան է' ամայացած ու ավերակ:

 

Նոր գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել ... Հալեպում տեղի ունեցածը գերազանցել է բոլոր ենթադրությունները, և վիճակն այլևս տանելի չէ: Այս իրավիճակում հալեպահայությունն իրեն միայնակ է զգում. կրած փորձանքները արձագանքչեն ունեցել, անհասկանալի և անընդունելի ձևով լուռ են թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական կողմերը: