Եվրոպայում բողոքի ալիք է սկսվել Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, ինչը, չնայած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հորդորներին, չեն ցանկանում կատարել ադրբեջանական իշխանությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Մեծ Բրիտանիայում գործող «Platform-London», «Index on Gensorship» եւ այլ ազդեցիկ միջազգային կազմակերպություններ սկսել են այդ ուղղությամբ նոր ինքնատիպ բողոքի ակցիաներ անցկացնել:
Այդ կազմակերպությունների կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ այս տարվա ընթացքում Ադրբեջանում աննախադեպ մասշտաբի բռնաճնշումներ են իրագործվել, որոնց ձերբակալվել են կառավարության դեմ քննադատական դիրքորոշում ցուցադրած մեծ թվով իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ եւ լրագրողներ:
Ակցիայի կազմակերպիչները գտնում են, որ Մեծ Բրիտանիայում գործող բազմաթիվ պետական եւ ոչ պետական կառույցներ այսօր եւս համագործակցում են Ադրբեջանի իշխանությունների հետ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգը պաշտպանելու համար: Այդ պատճառով կազմակերպիչները որոշել են ձեռքներին վառվող մոմերով բողոքի ակցիաներ անցկացնել Մեծ Բրիտանիայի կառավարության եւ բիզնես կառույցների գրասենյակների առջեւ:
Հիշյալ կազմակերպությունները ծրագրել են այդ կարգի մի քանի բողոքի ակցիաներ անցկացնել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան առաջ, ինչպես նաեւ նոյեմբերի 18-ին' Ադրբեջանում նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր BP ընկերության գրասենյակի առաջ, նոյեմբերի 19-ին' Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության առաջ, նոյեմբերի 20-ին' Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի գրասենյակի առաջ, նոյեմբերի 21-ին' Միջազգային օլիմպիական կոմիտեի շենքի առաջ:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները երկուշաբթի նման բողոքի ակցիա են անցկացրել Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Նրանք պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ ձերբակալված իրավապաշտպաններին: Պիկետի մասնակիցները ձեռքներին պարզել են ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիեւի եւ մյուսների դիամնկարները: