Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել մարտի վերջին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իշխանությունների կողմից կեղծվելու դեմ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, մասնավորապես, Թուրքիայի արեւելյան Աղրը (Արարատ) նահանգում անցկացված զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել են 17 մարդու: Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել ՏԻՄ ընտրությունների արդյունքները նահանգում, որում հաղթանակ էր տարել քրդական ընդդիմադիր Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության թեկնածուն:

 

Թուրքիայում մարտի 30-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել, որոնց արդյունքներով հաղթանակ է տարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը' ստանալով ընտրողների ձայների 46 տոկոսը:

 

Ընտրությունների կեղծվելու դեմ բողոքի ակցիաներ են սկսվել նաեւ Թուրքիայի մայրքաղաք Անկարայում: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մանսու Յավաշը հայտարարել է, որ ԿԸՀ-ն արհեստականորեն մեծացրել է իշխող ԱԶԿ-ի թեկնածու Մելիհ Գյոքչեքի օգտին ընտրողների քվեների թիվը: «Մենք բազմաթիվ փաստեր ունենք, որ իմ օգտին նշումներով մեծ թվով քվեաթերթիկներ հայտնվել են աղբարկղներում» -հայտարարել է նա:

 

Թերթը գրում է, որ վերջին 30 տարում առաջին անգամ է, որ Թուրքիայում ընտրություններում խաբեություններ ու զեղծարարություններ են տեղի ունենում, ընտրություններից հետո անցած 8 օրվա ընթացքում ընտրողների դժգոհությունն ու բողոքները չեն դադարում, եւ գործողությունները տեղափոխվում են իրավական հարթություն: