Էբոլա վիրուսի տարածման ակտիվությունը զգալիորեն կնվազի 2015 թվականի առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում այդ հիվանդության գծով փորձագետ Պիեռ Ֆորմենտին:
«Մենք ուսումնասիրում ենք իրադրությունը, որում կհայտնվենք չորս-վեց ամիս անց, երբ Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերի թվաքանակը կարող է կտրուկ կրճատվել»,- ասել է նա:
Ֆորմենտիի խոսքով՝ վիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի շաբաթական մինչեւ 5-10:
Միեւնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որ խոսքն առայժմ համաճարակի ավարտվելու մասին չէ:
Նա նաեւ կոչ է արել մշակել Էբոլայով հիվանդանալու դեպքերի բացահայտման ավելի արդյունավետ թեստեր:
Էբոլա տենդից մահացած մարդկանց ընդհանուր թիվը, ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների, հասել Է 5 հազար 177-ի՝ 14 հազար 413 վարակվածներից: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել Է արեւմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: