ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով կառուցվող Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատված, որտեղ երթևեկելի երկու գոտիներում արդեն ավարտվել են բետոնապատման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը և շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան կորվիամ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դանիել Դոմինգոն, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, տեղեկացրել են, որ Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատվածի ձախ երթևեկելի գոտում շարունակվում են կարերի կտրման և դրանց հերմետիկացման աշխատանքները։
Նախարարը ծրագրի պատասխանատուների հետ ուսումնասիրել է իրականացված աշխատանքները՝ ուշադրություն դարձնելով հատկապես բետոնապատված մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշի համապատասխանելիությանը միջազգային չափորոշիչներին և իրականացված կարերի որակին, որոնցում նկատելի էին որոշակի թերություններ:
Նախարարն իր դիտողություններն է ներկայացրել շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» և տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին' հանձնարարելով շտկել թերությունները։Ներկայում շարունակվում են ինտենսիվաշխատանքները նաև մայրուղու Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին հատվածներում։Երևան-Աշտարակ հատվածում ավարտվել են բետոնապատման աշխատանքները։ Աշտարակ-Թալին ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհի լայնացման հողային և շինարարական աշխատանքներ։
Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։