ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 5-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Արևմտյան տարածաշրջանի (CWTC) տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը, ծրագրի շրջանակներում կատարվող հողերի օտարման գործընթացը, ինչպես նաև հարավային հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն ու նախնական նախագծերին առնչվող հարցերը:

 

Գագիկ Բեգլարյանը կարևորել է հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարի խոսքով, շատ կարևոր է արագացնել երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա «Հյուսիս-հարավ» 500 կմ ճանապարհի հարավային մասում (Արտաշատ-Քաջարան ճանապարհահատված) վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիրը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

 

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը որակով և ժամանակին ավարտին հասցնենք: Մենք պետք է խուսափենք նախկինում թույլ տված բոլոր սխալները կրկնելուց»,- ասել է նախարարը:

 

Քսյաոհոնգ Յանգն էլ ընդգծել է, որ իր նախորդ այցից հետո նկատվում են դրական տեղաշարժեր, աշխատանքներն արագացել են:

 

«Տրանշ 1»-ով, որն ընդգրկում է Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ հատվածները, իրականացվել են ճանապարհի աջակողմյան մասին մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը և ստուգված ու հանված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երևան-Աշտարակ հատվածում բետոնի աշխատանքները վերսկսվել են մարտին:

 

«Տրանշ 2»-ով (Աշտարակ-Թալին), 1-ին հատվածում չորս շինտեղամասերում մեկնարկել են հողային աշխատանքները: Կապալառուն շարունակում է մնացած ենթահատվածները հնագիտական գտածոներից մաքրելու աշխատանքները, որոնց մոտ 90 տոկոսն ավարտվել են: Դեռ առկա են 10 տոկոսի չափով չօտարված հողեր: Օտարման գործընթացը շարունակվում է:

 

ԱԶԲ-ն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը: