2012 թվականին ավելի քան 800 հազար օտարերկրացիներ դարձել են Եվրամիության նոր քաղաքացիներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:

 

 

«2012 թվականին 818 հազար մարդ քաղաքացիություն է ստացել ԵՄ-ի 28 երկրներում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2011 թվականին և 6 տոկոսով ավելի, քան 2009 թվականին»,-պարզաբանել են ԵՀ-ում:

 

 

Եվրամիության նոր քաղաքացիների թվում ամենաշատը Մարոկոյից սերվածներն են (59 հազար 300 մարդ): Նրան հաջորդում են Թուրքիան (53 հազար 800), Հնդկաստանը (36 հազար 900) և Էկվադորը (28 հազար 900): «Այստեղ ցուցանիշները նախորդ տարիների համեմատությամբ գրեթե չեն փոխվել: Մարոկոյից սերվածներն ու թուրքերը ամեն տարի պահպանում են առաջատար դիրքերը»,-նշում է մամուլի ծառայությունը:

 

 

Ինչ վերաբերում է այն պետություններին, որոնք առավել լոյալ են նոր քաղաքացիներ ընդունելու հարցում, ապա դրանց թվում առաջին տեղն զբաղեցնում է Հունգարիան, որին հաջորդում են Շվեդիան և Լեհաստանը: 2012 թվականին ամենաքիչ թվով նոր քաղաքացիներ են հայտնվել Չեխիայում, Սլովակիայում, Էստոնիայում և Ավստրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: