Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների վերաբերյալ հարցերի շրջանակում պետք է քննարկվի նաեւ ՌԴ կողմից Թուրքիայում ատոմային էլեկտարակայնի շինարարության հարցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական կառավարությանը մոտ «Սթար» թերթը' նշելով, որ այցի ընթացքում քննարկվելիք կարեւոր թեմաներից մեկը պետք է հանդիսանա Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությունը:
Բացի այդ, ենթադրվում է, որ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաեւ տարածաշրջանային խնդիրներ:
Թուրքական ԶԼՄ-նե ավելի վաղ հայտնել էին, որ Մերսին նահանգում «Աքքույու» կոչված առաջին ատոմային էլեկտրակայանի նախագծմամբ եւ շինարարությամբ զբաղվող ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը պատրաստ է նախագծում 49 տոկոս մասնաբաժինը փոխանցել թուրքական ընկերություններին, որոնց պետք է հանձնարարվեն ատոմային էլեկտրակայանի համար ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները: Ենթադրվում է, որ նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները կսկսվեն 2016 թվականին: ԱԷԿ-ի առաջն բլոկը պետք է շահանգործման հանձնվի 2019 թվականին:
Akkuyu NGS ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սուպերֆինը հայտնել է, որ ԱԷԿ-ի շինարարության համար պահանջվում է 20 մլրդ դոլար: Նախագծի վրա արդեն մեկ միլիրադ դոլարից ավելի ներդրում է կատարվել, եւ տարվա ընթացքում ներդրումները պետք է հասցվեն մինչեւ երեք մլրդ դոլարի:
Թուրքիայում առաջին ԱԷԿ-ը, որի շինարարության վերաբերյալ համաձայնությունը ստորագրվել է 2010 թվականին, պետք է կառուցվի ռուսաստանյան նախագծով, որը ներառում ՎՎԷՌ-1200 տիպի չորս էներգաբլոկ: Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Ծրագրվում է բլոկները շահագործման հանձնել տարին մեկ պարբերականությամբ: