Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նոր քաղաքական կուսակցություն է ստեղծում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական ISNA լրատվական գործակալությունը, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Բահրուզ Նեմաթին:
Նրա խոսքով' Ալի Լարիջանին համոզված է, որ Իրանի ժողովուրդը կպաշտպանի իրեն նոր կուսակցություն ստեղծելու գործում:
«Լարիջանին կուսակցություն է ստեղծում, որպեսզի իր խոսքն ասի քաղաքականության մեջ», -ասել է Նեմաթին' նշելով, որ կուսակցությունն ստեղծելու գծով նախնական աշխատանքներն արդեն սկսվել են:
Նրա խոսքով' Լարիջանին ծրագրում է նոր կուսակցությունն անվանել «Ռահրովան է վիլայեթ»:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով' ներկայում երկրում գրանցված են 1200-ից ավելի քաղաքական կուսակցություններ, սակայն, իրականում գործում է նրանց միայն 60 տոկոսը:
Իրանում քաղաքական պայքար են տանում բարեփոխիչները, պահպանողականները եւ չափավորները: Բարեփոխիչների ճամբարում գրանցված են 47 կուսակցություններ, պահպանողականների ճամբարում' 35, չափավորների ճամբարում' 25 կուսակցություններ: Բոլոր երեք ճամբարներից ակտիվ գործունեություն տանում են ընդամենը 10-15 կուսակցություն: