Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքին միջազգային հանրության արձագանքը բավարար չէ:
Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Բայց մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի միջազգային հանրության ու տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից տրվեն համարժեք գնահատականներ: Դուք հավանաբար նկատել եք, որ, որպես կանոն, միջազգային կառույցները կոչ են անում երկու կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնարկել քայլեր, որպեսզի խաղաղությունն ամրապնդվի, բայց յուրաքանչյուր անգամ Ադրբեջանը, իրականացնելով հայատյաց քաղաքականություն, իր սադրիչ գործողություններով փորձում է խարխլել այդ փխրուն խաղաղությունը, նաև վնաս հասցնել բանակցային գործընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Նահապետյանը՝ ընդգծելով, որ դա չի նշանակում, թե Հայաստանն ակնկալիքներ չունի միջազգային հանրությունից: Պատգամավորի կարծիքով՝ հայկական ուղղաթիռի խոցման ցավալի դեպքը որոշ իմաստով ստվերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցային գործընթացը։
«Սակայն մենք հասկանում ենք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որի շրջանակում հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորում: Ես հասկանում եմ նաև հանրության տարբեր շերտերի գնահատականները՝ կապված ԵԱՀԿ առաքելության այս ձևաչափի հետ, բայց, կարծում եմ, Հայաստանի իշխանությունները հետամուտ կլինեն, որ ողբերգական այս միջադեպի հետ կապված պատշաճ հետաքննություն իրականացվի նաև միջազգային համապատասխան կառույցների կողմից և տրվի պատշաճ գնահատական»,- ասաց Նահապետյանը:
Ըստ Նահապետյանի՝ այն, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ակնհայտ է նաև միջազգային հանրության համար: «Ես չեմ կարծում, թե որևէ միջազգային կառույց երաշխիք է տվել Ադրբեջանին նման գործողություններ իրականացնելու: Պետք է լինեն հստակ ձևակերպումներ, բանաձևեր, և դրանք պետք է գործնական ազդեցություն ունենան նաև Ադրբեջանի վրա։ Մոտ ժամանակներս, կարծում եմ, կլինեն նաև զարգացումներ այս ուղղությամբ, և մենք կարձանագրենք նոր իրավիճակներ, բայց միշտ պետք է ունենանք այնպիսի զգացողություն, որ հույսներս պետք է ամբողջապես միջազգային հանրության վրա չդնենք, այլ մեր հետևողական քաղաքականության արդյունքում մենք պետք է իսկապես կարողանանք հասնել մեզ համար շահեկան արդյունքների»,- եզրափակեց պատգամավորը։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ է արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն և արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես են եկել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ: