Խորհրդարանական ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի բացառում, որ առաջիկայում խմբակցությունում կքննարկեն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով պատգամավորներին հնարավորություն կտրվի ավելի շատ ժամանակ ունենալ պետական բյուջեի քննարկումների համար:

 

Ամփոփելով «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը և ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումները՝ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ բյուջեի քննարկման համար մեկ համատեղ նիստ կազմակերպում են պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները, որից հետո միայն մի քանի օր անց իրենք քննարկելու ևս մեկ հնարավորություն են ունենում, և այդքանով սահմանափակվում են:

 

«Պետք է խոստովանեմ, որ այս ժամանակը բավարար չէ բյուջեի քննարկումների համար: Մեզ այս հարցն իսկապես մտահոգում է, և մենք առաջիկայում կաշխատենք գտնել լուծումներ, որպեսզի բյուջեի քննարկման համար ունենանք բավարար ժամանակահտաված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կորյուն Նահապետյանը:

 

Պատգամավորը կարևորեց նաև բյուջետային քննարկումներին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը: Նա ընդգծեց, որ բյուջետային քննարկումներին պետք է մասնակցեն այն հասարակական կազմակերպությունները կամ անձինք, ովքեր տարբեր ոլորտներում իրականացրել են հետազոտություններ, որոնց արդյունքները ևս պետք է քննարկվեն բյուջեի ձևավորման ընթացքում: