Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը վարում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

 

Նիստին ներկա են նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը:

 

Նիստին չի մասնակցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Թուրքմենստանի Հանրապետությունում:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը: