Շիրակի մարզի համայնքները չունեն աշխատավարձի նախկինում կուտակված ու ընթացիկ պարտքեր: Մարզի համայնքներին հաջողվում էր մարել նախկին տարիներին կուտակված աշխատավարձի պարտքերը դեռ անցած տարի:
Դա այն դեպքում, երբ 2013 թվականի տարեսկզբին նախկին տարիներին կուտակված աշխատավարձի պարտք ուներ մարզի 11 համայնք. 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ' մարզում պարտքի ընդհանուր գումարը կազմում էր 29 մլն 372 հզ դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, մարզն այս պահին չունի որևէ համայնք, որն ունենա նախկինում կուտակված կամ ներկա պարտք:
«Դեռ 2013 թվականի առաջին եռամսյակում մարզի համայքներին հաջողվեց մարել աշխատավարձի և կենսանթոշակային նախկին պարտքերը, իսկ 2014 թվականին ոչ մի պարտք չի կուտակվել: Այսօրվա դրությամբ ամեն ինչ հստակ է և խնդիր չկա: Համայնքները դոտացիան ևս ստանում են ժամանակին, դոտացիայով և սեփական եկամուտներով կատարում իրենց բյուջեն»,-նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը:
Արմենուհի Մխոյան