Հեղափոխությունից հետո Շիրակի մարզում արդեն 3-րդ մարզպետն է փոխվում: Շուրջ հինգ ամիս առաջ ազատման դիմում ներկայացրած նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոստացել է իր հրաժարականի մասին խոսել մոտ ժամանակներս: Իսկ մինչ այդ, նորանշանակ մարզպետը արդեն իսկ անցել է աշխատանքի: Հիշեցնենք, որ մարզպետը մասնագիտությամբ վիրաբույժ է, եղել է Գյումրիի «Բեռլին» պոլիկլինկայի տնօրենը, իսկ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Դժվար է ասել, թե ինչ սկզբունքով է առաջնորդվել Փաշինյանը վիրաբույժին վստահելով մի ամբողջ մարզ, գուցե՞ նա դեռ վստահ է, որ քաղաքական խնդիրները հնարավոր է լուծել օղու և պինցետի միջոցով: Իսկ խնդիրները Շիրակի մարզում բազմաթիվ են:
Միայն թե խնդիրները լուծելու փոխարեն' նորանշանակ մարզպետը լծվել է Փաշինյանի այցի շրջանակներում շոուներ կազմակերպելուն:
Տեսնենք, թե հինգ ամսվա ընթացքում ինչ բուռն գործունեությամբ է աչքի ընկել Հովհաննիսյանը: Նախ և առաջ նրա շնորհիվ՝ մարզ կատարած Փաշինյանի այցը իսկապես դարձավ անմոռանալի, այն պարզ պատճառով, որ էժանագին շոու-փիառը միանգամից ջրի երես դուրս եկավ' դառնալով հանրության ծաղրի առարկան, իսկ մամուլը գրեց, որ բեմադրության ռեժիսորը անձամբ մարզպետն էր: Մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ այս ընթացքում Հովհաննիսյանը հասցրել է հանդիպել առողջապահության նախարարի հետ' թերևս նախկին կոլեգաներից կարոտը առնելու նպատակով: Հասցրել է պարգևատրել մարզպետարանի 16 աշխատակցի, որոնց աշխատանքի արդյունավետությունը, բնականաբար, անձամբ ստուգելու հնարավորություն մեկ ամսում չէր ունեցել: Հասցրել է կատարել գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաների սուրբ պարտականությունը և մարզպետարանում իբրև պատվավոր հյուրեր ընդունել սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչներին:
Խծաբերդից անհետ կորած շիրակցի զինծառայողների ծնողները շաբաթներ առաջ շրջապատել էին Շիրակի մարզպետարանի շենքը․ Երբ լրագրողները այս զինծառայողների ճակատագրի մասին հարց տվեցին կառավարությունից դուրս եկող՝ Շիրակի մարզպետին, նա պատասխանեց․ «Ես այդ մասին ընդհանրապես չեմ խոսում, ուժայիններն են զբաղվում»։ «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է կառավարել երկիրը» հարցին Շիրակի մարզպետը պատասխանեց․ «Այո, ի վիճակի է կառավարել»։ Ահա այսպես է մարզպետը լուծում իր մարզի բնակչության խնդիրները և, փաստացի, նրա պատկերացմամբ ամեն բան կարգին է և վերահսկողության տակ, քանի որ երկրի ղեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է...