ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հեռուստաուղերձով, որում հայտնել Է, թե ներգաղթի բարեփոխումն իրականացնելու է առանց Կոնգրեսի աջակցության եւ արտաքսումից պաշտպանություն Է առաջարկել միլիոնավոր չգրանցված ներգաղթյալների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դուք կարող եք դուրս գալ ստվերից եւ ապրել օրինական հիմունքներով»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ պաշտպանություն կստանան այն ներգաղթյալները, որոնք ԱՄՆ-ում անցկացրել են ավելի քան հինգ տարի, ունեն ԱՄՆ-ի քաղաքացի երեխաներ, գրանցված են, վճարում են հարկերը եւ ստուգում են անցել: «Դուք կարող եք ժամանակավորապես մնալ երկրում»,- պարզաբանել է Օբաման:
Միաժամանակ նա կոչ է արել Կոնգրեսին՝ ձեռնարկել ավելի ընդգրկուն ու մշտական միջոցներ, որոնք թույլ կտան կարգավորել ներգաղթի բարեփոխման խնդիրները:
Այսպես թե այնպես, զանգվածային կարգով արտաքսումներն իրատեսական չեն, նշել է Օբաման: «Միլիոնավոր մարդկանց ձերբակալելն ու արտաքսելն իրատեսական չէ»,- ասել է նա: «Բայց, եթե դուք հանցագործ չեք, ձեզ չեն արտաքսի»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Նա նաեւ հայտարարել է իրավապահ մարմինների այն աշխատողների թիվը 20 հազարով ավելացնելու մասին, որոնք կպարեկեն ԱՄՆ-ի սահմանները:
Բացի այդ, Օբամայի խոսքով, Ամերիկան կդյուրացնի լեգալացումը բարձրագույն կրթություն ունեցող ներգաղթյալների եւ ձեռնարկատերերի համար: Այդ ամենը թույլ կտա «ավելի ազնիվ ու արդար» դարձնել ներգաղթի համակարգը:
Մինչդեռ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների միայն փոքրամասնությունն է աջակցում Օբամայի գործողություններին: NBC News հեռուստաալիքի եւ Wall Street Journal հրատարակության անցկացրած հարցման՝ նոյեմբերի 20-ին հրապարակված տվյալների համաձայն, Կոնգրեսի շրջանցմամբ ներգաղթի բարեփոխում իրականացնելու ԱՄՆ-ի նախագահի մտադրության դեմ հանդես է գալիս ամերիկացիների 48 տոկոսը: Բնակչության միայն 38 տոկոսն է համաձայն այդ նախաձեռնությանը, եւս 14 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն արդեն խոստացել են, որ պատասխան միջոցներ կձեռնարկեն, մի շարք հանրապետական նահանգապետներ հայտարարել են նախագահի դեմ դատական հայց ներկայացնելու իրենց մտադրության մասին:
ԱՄՆ-ի վարչակազմի հաշվարկներով՝ արտաքսումից կկարողանան խուսափել «գրեթե 5 մլն չգրանցված ներգաղթյալներ»:
ԱՄՆ-ում ապրում են ավելի քան 12 մլն անօրինական ներգաղթյալներ, առավելապես Լատինական Ամերիկայի երկրներից: Տարեկան ԱՄՆ-ն արտաքսում է շուրջ 400 հազար մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: