Ադրբեջանի գլխավոր' «Շահ դենիզ-2» գազային նախագծի իրագործումը կսկսվի մեկ տարի ուշացումով:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում անցկացվող «Նավթագազային շաբաթ -2014» համաժողովում հայտարարել է «Հարավային գազային միջանցք» ընկերության գլխավոր տնօրեն Աֆղան Իսաեւը:

 

Ընդ որում նա չի բացատրել Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների ուշացման պատճառը: Սակայն հավելել է, որ Թուրքիա գազի մատակարարման (Անդրանատոլիական գազամուղ -TANAP) ժամկետները մնում են նախկինը' 2018 թվականը, իսկ Անդրադրիատիկ գազամուղը' TAP-ը, նախկինում նախատեսված 2019 թվականի փոխարեն շահագործման կհանձնվի 2020 թվականին: Դրանից դժվար չէ ենթադրել, որ TAP-ի' ոչ ժամանակին շահագործման հանձնվելու պատճառով Ադրբեջանը չի կարող ժամանակին սկսել գազի մատակարարումները Եվրոպա:

 

«Շահ դենիզ» կոնսորցիումն ու եվրոպական 9 ընկերություններ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին 25 տարի շարունակ տարեկան 10 մլրդ խմ ադրբեջանական գազ գնելու վերաբերյալ կոմերցիոն պայմանագիր էին ստորագրել, որի համաձայն մատակարարումները Եվրոպա պետք է սկսվեր 2019 թվականի առաջին եռամսյակում:

 

Ադրբեջանական գազի' Եվրոպա մատակարարման ուշացման մասին հոկտեմբերի սկզբին առաջինը հրապարակավ հայտնել է TAP կոնսորցիումը գերմանական «Դոյչե վելլե» ռադիոկայանին տված հարցազրույցում' նշելով, որ թուրք-հունական սահմանում ադրբեջանական գազը հայտնվելու է 2020 թվականից ոչ շուտ:

 

«Շահ դենիզ-2» նախագծի իրականացումը տարբեր պատճառներով արդեն մի քանի տարի հետաձգվում է: