Իրաքի զինված ուժերը երկրի հյուսիսային հատվածում՝ Սինջար քաղաքի մոտակայքում, հարձակում են գործել ահաբեկիչների վրա՝ նրանց պատճառելով զգալի կորուստներ: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Բավականին երկար ժամանակ Սինջար քաղաքում ռազմական գործողություններ չէին ծավալվել և միայն երկու օր առաջ Իրաքի զնիված ուժերը, իմ հավաստի տեղեկություններով, լայնածավալ հարձակում են գործել ահաբեկիչների վրա, որոնց մի մասը զոհվել են, մյուս մասն էլ՝ փախել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Ազիզ Թամոյանը տեղեկացրեց, որ ահաբեկիչների կողմից գերեվարված 4000 եզդի կանանց մի մասին ահաբեկիչներն ուղարկել են Սիրիա՝ վաճառելու համար, իսկ մնացածը շարունակում են գերեվարված մնալ: Ահաբեկիչները գերի կանաց պահում են հիմնականում Մուսուրի ճամբարներում:
Թամոյանը նշեց, որ Իրաքի հյուսիսային հատվածում ահաբեկիչները շարունակում են եզդի բնակչության կոտորածները, իսկ միջազգային հանրությունը լուռ է: «Սա ահավոր է: 21-րդ դարում բոլորի աչքերի առջև ցեղասպանություն է տեղի ունենում, սակայն որևէ լուրջ արձագանք չկա: Մենք բազմաթիվ անգամ նամակներով դիմել ենք գերտերություններին, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, ՄԱԿ-ին, սակայն լուրջ արձագանք չկա, իսկ մարդակեր գիշատիչները շարունակում են հանգիստ կոտորել եզդի բնակչությանը»,- ասաց Թամոյանը:
Նա ընդգծեց, որ Սինջարի լեռներում պատսպարվում են 1000 եզդի տղամարդիկ, ովքեր բաժանված են երեք ջոկատների և ժամանակ առ ժամանակ լեռներից իջնում և հարձակվում են ահաբեկիչների վրա, նրանց զգալի կորուստներ պատճառում և կրկին նահանջում են: «Նրանք ամեն շաբաթ եվրոպական երկրներում ապրող եզդիներից օգնություն են ստանում զենքի և պարենի տեսքով: Սակայն տրամադրվող օգնությունը շատ քիչ է: Տղաների մոտ զենքի պակաս կա: Սակայն եթե այդ օգնությունն էլ չլիներ, հիմա նրանք էլ զոհված կլինեին»,- ասաց եզդիների միության նախագահը:
Նա նաև նշեց, որ Իրաքի հյուսիային հատվածում եզդիների վրա հարձակման կազմակերպիչները քրդերն են: Նրա խոսքով՝ այդ ամենի կազմակերպիչը հենց քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին է: «Նրանք են կազմակերպել այս ամենը, մեկ նպատակով՝ Իրաքի հյուսիսային հատվածները մաքրել եզդի բնակչությունից, որպեսզի այդ տարածքներում ապրեն միայն մուսուլմաններ: Իհարկե, ես բոլոր քրդերին չեմ մեղադրում այս հարձակումների մեջ, կան քրդեր, որ չեն ցանկանում այս ամենը, մտահոգված են եզդի բնակչության խնդիրներով: Սա քրդական ղեկավարության կազմակերպածն է»,- նշեց Թամոյանը՝ հավելելով, որ այժմ, երբ իրաքյան զինուժի, ինչպես նաև լեռներում պատսպարված եզդի տղամարդիկ զգալի կորուստներ են պատճառել ահաբեկիչներին Սինջարի հատվածում, Բարզանին ցանկանում է քրդական ջոկատները մտցնել այդ տարածք և վերահսկողություն հաստատել դրանց վրա, որպեսզի հետո էլ ասի, թե ինքն է ազատագրել այդ տարածքներն ահաբեկիչներից: Թամոյանը հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ եզդի բնակչությունն ուներ քրդական ջոկատների օգնության կարիքը, Բարզանին իր զորքը դուրս բերեց այդ հատվածներից, իսկ հիմա, երբ ահաբեկիչների դիրքերը նկատելիորեն թուլացել են, կրկին ցանկանում է հետ վերադառնալ:
Թամոյանը տվյալներ հաղորդեց նաև ահաբեկիչների վայրագություններին զոհ գնացած եզդիների թվաքանակի մասին: Նա ընդգծեց, որ մինչ այս պահը կոտորվել է շուրջ 17 հազար եզդի, իսկ կոտորածները շարունակվում են: Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ այսպես շարունակվի: Նա գոհունակությամբ նշեց, որ Իրաքի խորհրդարանը եզդիների ցեղասպանության մասին կոնվենցիա է ընդունել և պատրաստվում է այն ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը:
Միևնույն ժամանակ, Թամոյանը նշեց, որ իրենց հույսը մնում են գերտերությունները, քանի որ այլ տեղից իրենք որևէ հույս չունեն: Նա ցավով նշեց, որ եզդիները պետություն չունեն և անօգնական են, ունեն այլ երկրների օգնության կարիքը, գերտերությթունների օգնության կարիքը, սակայն այդ երկրներից էլ արձագանքները մեծ չեն: