«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ այդ շենքը, որը պատկանում է բնակիչներին, այժմ շրջափակված է ոստիկաններով և պահակախմբով, բնակիչներին մոտ չեն թողնում:

 

«Մեզ շենքին մոտ չեն թողնում, եթե թողնեն էլ, միևնույն է բնակարանները կիսակառույց են: «Արցախբանկից» էլ մեզ ասում են, որ շենքը ձեզ չի պատկանում, շենքը մերն է, մենք այն գրավ ենք վերցրել «Տոնուսից»»,-ասաց բնակարանատերերից մեկը:

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։

 

2006-ից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ' վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։

 

 

Մանրամասները` տեսանյութում