«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:
Լուրեր.com-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ իրենք եկել են «Արցախբանկ»' ակնկալելով բանկի պատասխանը, քանի որ այստեղից խոստացել էին, որ նրանց խնդրանք-պահանջին կարձագանքեն մարտի սկզբին:
Վերջիններիս խոսքով' իրենք հավաքվել են այստեղ, ստանալու բանկի պատասխանը և հասկանալու իրենց հետագա անելիքները:
Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Բնակիչները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։
Հիշեցնենք, որ 2006-ից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։
Մանրամասները` տեսանյութում