Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mediamall.am-ը, «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա էին անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:
Ավելի ուշ բնակիչները փորձում էին մտնել բանկի տարածք, սակայն աշխատանքային ժամին բանկի աշխատակիցները փակել էին դռները բնակիչների առաջ:
Այս պահին «Տոնուսից» խաբված բնակիչները Նալբանդյան փողոցող շարժվում են դեպի ՀՀ կառավարություն, ուր ընթանում է կառավարության նիստը:
Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։