Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է շփումները ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման առաջնորդ Հալեդ Մաշաալի հետ:
Jerusalem Post թերթը, հղում կատարելով թուրքական նախագահի աշխատակազմի աղբյուրներին, հայտնել է, որ Էրդողանը վերջին անգամ Մաաշալի հետ հանդիպել է հունիսի 24-ին Ստամբուլում:
Հրատարակության տվյալներով' Էրդողանն ու Մաաշալը քննարկել են պաղեստինցիների միջեւ տարաձայնությունները հաղթահարելու գծով ջանքերը եւ Թուրքիայի կողմից մարդասիրական օգնություն տեղ հասցնելու հետ կապված հարցեր:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի ղեկավարների հանդիպումները խոչընդոտ չեն համարում Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:
«Առանց ՀԱՄԱՍ-ի, պաղեստինյան խնդրի լիարժեք լուծում հնարավոր չէ: Եւ դա հասկանում են Իսրայելում: Մենք չեն թաքցնում մեր շփումները ՀԱՄԱՍ-ի հետ եւ շարունակելու ենք դրանք», -ասել էր Չավուշօղլուն:
Իսրայելյան ԶԼՄ-ների տվյալներով' Իսրայելը հրաժարվել է պաղեստինյան իսլամիստների ՀԱՄԱՍ շարժման գործունեությունը Թուրքիայում ամբողջությամբ դադարեցնելու իր պահանջից, իսկ թուրքերն այլեւս չեն համառում դեսպանների Թել Ավիվ եւ Անկարա վերադառնալու համար Գազայի հատվածի վրայից շրջափակումը հանելու հարցում:
ԶԼՄ-ների համաձայն' անցյալ տարվանից հարաբերությունների նորմալացման մասին պատրաստվող համաձայնությունը, դեսպանների վերադարձին զուգահեռ, ներառում է ներքին պահանջարկը բավարարելու եւ եվրոպական երկրներ տարանցելու համար իսրայելյան բնական գազը Թուրքիա մատակարարելու մասին կետ:
ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջեւ շփումները կարող են շարունակվել հունիսի 26-ը եվրոպական երկրներից մեկում:
Հարաբերությունների նորմալացման համար Թուրքիան Իսրայելից ներողություն եւ փոխհատուցում է պահանջել 2010 թվականի մայիսին «Մավի Մարմարա» նավում 9 թուրք քաղաքացու մահվան դիմաց, որոնք, կարծես իսրայելյան կողմը համաձայնվել է կատարել: Մնում է չկատարված Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը հանելու մասին պայմանը:
Միջազգային եւ թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայի կողմից զենք, զինամթերք, սպառազինություն մատակարարվելու եւ թիկունքային օգնություն ցուցաբերվելու մասին, ինչպես նաեւ այն մասին, որ աշխարհի տարբեր ծայրերից ահաբեկիչները Թուրքիայի տարածքով են անցնում Սիրիա' միանալու ԻՊ-ին: