Հետախույզի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում' նվիրված Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցամանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ: Զորամասի շարահրապարակում հատուկ նշանակության զորամասի զինանձնակազմին ողջունել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 

Շնորհավորելով բոլոր հետախույզներին մասնագիատական տոնի կապակցությամբ' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորելով հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի տարիներին, փաստել է, որ այսօր էլ հատուկ նշանակության ստորաբաժանումները լավագույնս իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները և օրըստօրե կատարելագործում մարտական պատրաստականությունը և վարպետությունը:

 

Տոնական միջոցառումը շարունակվել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով:

 

Միջոցառման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառյության, մասնագիտական բարձր հմտությունների համար ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շար սպաների և ժամկետային զինծառայողների պարգևատրել է գերատեսչական մեդալներով և շնորհակալագրերով:

 

Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այժմ հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կ ատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան:

 

Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈՒ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում: Անցնելով պատերազմի հորձանուտով' հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ:

 

Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ զորատեսակի շարքերում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: