Լեհաստանը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ շահագրգիռ կողմերը խաղաղ երկխոսություն ծավալեն: Լեհաստանը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ այն սկզբունքներին, որոնք ենթադրում են խաղաղ լուծում (Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքները' ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում եւ տա րածքային ամբողջականություն- խմբ.): Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին' նոյեմբերի 24-ին առաքելության ավարտի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը: «Ցանկացած տեսակի լարվածություն, որ կարող է տեղի ունենալ հակամարտող կողմերի շփման գծում, ինչպես նաեւ ագրեսիվ ռազմական հռետորաբանությունը չեն ծառայում հակամարտության խաղաղ կարգավորմանը, կայունության ապահովմանն ու հետագա լուծմանը:
Նույնիսկ Եվրոպայում հարյուրամյա պատերազմն ավարտվեց համաձայնագրով, Հայաստանն ո ւ Ադրբեջանը դատապարտված են խաղաղության, նրանք հարեւաններ են եւ աշխարհագրությունը չեն կարող փոխել: Կարելի է փոխել աշխարհաքաղաքականությունը, իսկ այսօր անհրաժեշտ է դաստիարակել այնպիսի հասարակություն, որ պատրաստ լինի խաղաղության»,- ասաց դեսպանը' հավելելով, որ ԵՄ-ի ստեղծման գաղափարախոսությունը հենց ծնվել է խաղաղության եւ բանակցության հիմքի վրա:
Դեսպանի գնահատմամբ, հակամարտության կարգավորման այլ ձեւաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, գոյություն ունենալ չի կարող, սակայն հակամարտող կողմերը պետք է հասկանան, որ չի կարելի գերագնահատել միջնորդների դերը: Ըստ Ռաչինսկու, կողմերը պետք է հակամարտության կարգավորման ցանկություն դրսեւորեն, իսկ միջնորդների դերը միջնորդությունն ու բանակցության գործընթացի դյուրացումն է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել' խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրան սիա) միջնորդությամբ եւ նրանց ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը' շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: