Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Մարալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անազնիվ եւ պատվազուրկ մարդ է անվանել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական axar.az լրատվական կայքը, Աքշեները հայտարարել է Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) Ստամբուլում գտնվող բաժանմունքների ընդհանուր ժողովում, որի անդամ է նաեւ ինքը:

 

Ժողովին մասնակից կայքի թղթակիցը մեջբերել է Աքշեների հետեւյալ խոսքը. «Վարչապետ եղած ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ կառավարության կողմից բանակցություններ վարվելու փաստը: Այն ժամանակ նա ասել էր, որ եթե նման բան կա, ինձնից անպատիվ մարդ չկա: Այդպես էլ կա, Օջալանի հետ ամեն տեսակի բանակցություններ են տարվում, բոլորը հերթ են կանգնել նրա հետ հանդիպելու համար: Այդ հերթի անունն էլ դուք տվեք»:

 

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը հայտնել է, որ կառավարության նախարարաների զավակները միլիոնատերեր են եւ այդ փողերը նրանք գողացել են ժողովրդից: Նա ասել է, որ Էրդողանն իր համար 1000-սենյականոց պալատ է կառուցել, ինչը ցույց է տալիս, թե ինչքան դժվար վիճակում է այսօր Թուրքիան:

 

«Թե սրանք ով են, ակնհայտ երեւում է կոշիկի տուփերում նրանց թաքցրած փողերից: Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին եւ 25-ին կոռուպցիայի գործողությունների ժամանակ նրանց ննջասենյակներում միլիոնավոր կանխիկ գումարներ հայտնաբերվեցին», -ասել է նա:

 

Աքշեները համոզմունք է հայտնել, որ 2015 թվականին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում ներկայիս կոռումպացված կառավարությունը տապալելու ունակ միակ կուսակցությունը ԱՇԿ-ն է:

 

Մարալ Աքշեները եղել է Թուրքիայի 54-րդ կառավարության ներքին գործերի նախարարը:

 

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի արդյունքում բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները: Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ այդ սկանդալի հեղինակները դրանով ցանկանում են տապալել իր կառավարությունը, եւ իրեն ենթակա դատաիրավական համակարգի ղեկավարներին հանձնարարել պաշտոնանկ անել եւ ձերբակալել հակակոռուպցիոն գործողությունների հեղինակներին, ինչի արդյունքում Թուրքիայում աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են 500-ից ավելի դատախազներ, ոստիկաններ եւ փաստաբաններ: