Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և Կանադայի դեսպանատունը հայտարարել են ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը հարգելու և այդ պետության ներքին գործերին չմիջամտելու իրենց մտադրության մասին այն բանից հետո, երբ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել էր արտաքին գործերի նախարարությանը' 10 երկրի դեսպաններին հայտարարել պերսոնա նոն գրատա:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին»,- ասվում է ԱՄՆ դիվանագիտական առաքելության Twitter-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Նույնանման հայտարարություն տեղադրվել է նաև Կանադայի դեսպանատան թվիթերյան էջում:
«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է մի շարք դեսպանատների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Կանադայի հայտարարությունը Թուրքիայի ղեկավարության օրենքներն ու որոշումները հարգելու մտադրության մասին։ «Նախագահ Էրդողանը դրական է արձագանքել ԱՄՆ դեսպանատան և այլ դիվանագիտական առաքելությունների հայտարարություններին»,- ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։