Չինաստանը կոչ Է արել միջազգային հանրակցությանը չմիջամտել Ուկրաինայի ներքին գործերին եւ, չեզոք դիրք բռնելով, կառուցողական դեր խաղալ երկրի իրադրության կայունացման գործում, փետրվարի 20-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստիին:

 

«Մենք այն կարծիքին ենք, որ միջպետական հարաբերություններում հարկավոր Է հարգել միմյանց ինքնիշխանությունը եւ չմիջամտել ներքին գործերին, ուստի մենք հուսով ենք, որ միջազգային հանրակցության բոլոր անդամները կկարողանան հավատարիմ մնալ անաչառ, չեզոք, արդար եւ հավասարակշռված մոտեցմանը եւ կառուցողական դեր խաղալ շահագրգիռ կողմերի երկխոսության եւ կոնսուլտացիաների ճանապարհով Ուկրաինայում առկա խնդիրների շուտափույթ լուծմանն աջակցելու եւ քաղաքական ու սոցիալական կայունության հասնելու գործում»,-ասել Է Խուա Չունյինը:

 

Նախօրյակին մեկնաբանելով իրադրությունը Ուկրաինայի մայրաքաղաքում, նա իր երկրի անունից ցավակցություն Էր հայտնել Կիեւում մարդկանց զոհվելու կապակցությամբ: «Ուկրաինան Չինաստանի ռազմավարական գործընկերն Է, մենք ուշադիր հետեւում ենք Կիեւում իրադրության զարգացմանը եւ ցավակցություն ենք հայտնում այնտեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ»,-հայտարարել Է դիվանագետը:

 

Նա հույս Է հայտնել, որ «դիմակայության մեջ ներքաշված կողմերը կգործեն՝ ելնելով պետական ու ազգային շահերից»: «Ակնկալում ենք, որ կողմերին կհաջողվի հնարավորինս արագ իրադրությունը կարգավորել երկխոսության ճանապարհով եւ հուսով ենք, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրակցությունը կառուցողական դիրք կբռնի»,-հավելել Է Խուա Չունյինը: