«Հենց Արցախի նախագահ Բակո Սահակյանը որոշի գալ և մասնակցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստին, բոլորը կտեղեկանան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի երեկվա հայտարարությանը, որ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ ներկայանան դատարան։
Ըստ տարածված տեղեկությունների՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկա են գտնվելու վաղը՝ մայիսի 16-ին կայանալիք դատական նիստին։ Հետաքրքրվեցինք՝ քանի որ մինչև այժմ հայտնի չէ նախկին և ներկա նախագահները կգա՞ն Հայաստան, թե ոչ, կարո՞ղ ենք ենթադրել, որ վաղվա նիստին չեն մասնակցելու, Բաբայանը կրկնեց, որ դեռևս հայտնի չէ և ինքն էլ չգիտի այդ մասին։
Դավիթ Բաբայանի հետ զրույցից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը նիստի ժամանակ խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր․ «Անձը պետք է դատարանում անպայման ներկա լինի, նրան պետք է ներկայացվեն իր իրավունքներն ու պարտավորությունները, որից հետո նա պետք է վերահաստատի իր ստորագրությամբ: Ինչ վերաբերվում է ժամկետներին, շատ լավ տեղյակ եք, որ կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին, որը կիրակի օր է: Մայիսի 18-ին շաբաթ օր է: Շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է: Չեմ բացառում, բայց հնարավոր է՝ այնպես լինի, որ հնարավորություն չլինի պարոն Քոչարյանի ներկայությունն ապահովել, բայց պաշտպանական կողմը նաև պետք է հաշվի առնի, որ դատարանը պետք է դատական ակտ կայացնի, իսկ դատական ակտ կայացնելու համար առնվազն մեկ օրից ավել ժամանակ է պետք»,- մանրամասնեց դատավորը:
Դավիթ Բաբայանը, խոսելով «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօր արած հայտարարության մասին, թե Արցախի Հանրապետության որևէ նախագահ չի կարող գալ, միջնորդություն ներկայացնել, միջամտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, և դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ Արցախը Հայաստանի մարզ դառնա՝ Բաբայանն ասաց․ «Չեմ ուզում որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել ու քննադատել։ Մենք բազմիցս նշել ենք, որ ունենք մեկ հայրենիք, երկու պետություն, դրա համար անթույլատրելի է որևիցե միջամտություն թե՛ Արցախից Հայաստանի ներքաղաքական կյանքին, թե՛ հակառակ ուղղությամբ։ Հետևաբար, սա ներքին գործերին միջամտություն չէ, սա երկու նախագահների անձնական, մարդասիրական նախաձեռնությունն է, առանց միջամտելու այդ գործընթացներին, որոշելու՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ Ով ուզում է լինի ՀՀ իշխանության գլխին, դա այնտեղի ժողովրդի կամքն է, ով ուզում է լինի ԱՀ իշխանության գլխին՝ դա այստեղի ժողովրդի կամքն է։ Հետևաբար, և՛ պաշտոնական Ստեփանակերտը, և՛ պաշտոնական Երևանը պարտավոր են մեկը մյուսի նկատմամբ հարգալից, եղբայրական, մի հայրենիքի զավակների պես վերաբերվել միմյանց։ Սա հրամայական է, սա անձնական քմահաճույք չէ և հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարց է։ Բոլորի պարտքն է անել այնպես, ինչպես որ պետք է՝ անկախ նրանից՝ ով ինչ նախասիրություններ, շրջապատ, անցյալ ունի և ինչ ապագա է սպասվում»,-ասաց նա՝ նշելով, որ եթե խախտվի այդ ամենը, ամբողջ ժողովրդի և մեր պետականության համար է վատ լինելու։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով։