Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության (CHP) ներկայացուցիչները երկրի նախագահ Էրդողանի հայտարարությունը զրպարտություն են համարում: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
CHP-ական պատգամավոր Օզգյուր Օզելը, ով ներկայումս ղեկավարում է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրեր առաջ CHP առաջնորդ Քըլըչդարօղլուի հասցեին արած հայտարարությանը ասել է. «Եթե նախագահը չպարզաբանի, թե տեղեկությունն ինքը որտեղից և ումից է ստացել ուրեմն զրպարտիչ է»:
Էրդողանը, օրեր առաջ անդրադառնալով ներկայումս կալանքի տակ գտնվող CHP-ական Էսին Բերբերօղլուին, ասել էր.«Եթե Քըլըչդարօղլուն բանտարկված Բերբերօղլուի հետ կապ ունենա, չզարմանաք»:
Բերբերօղլուն CHP ներկայացուցիչ է, ով ձերբակալվել է ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Թուրքական ԶԼՄ-ներում բուռն քննարկվող կարծիքների համաձայն` Էրդողանը Քլըչդարօղլուին մեղադրելով Բերբերօղլուի հետ կապ ունենալու մեջ նախապատրաստում է գլխավոր ընդդիմադիր ուժի նախագահի ձերբակալությունը: