Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր դժբախտությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունն է: Այս մասին ընդդիմադիր կուսակցապետը հայտարարել է ԱՇԿ խորհրդարանական խմբակցության հավաքում:

 

«Թուրքիայի դժբախտությունները կվերանան, եթե երկիրն ազատվի այդ դժբախտությունների աղբյուր Էրդողանից», -ասել է Բահչելին:

 

Ընդդիմադիր առաջնորդը վստահություն է հայտնել, որ թուրք ժողովուրդն օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություներում կքվեարկի Էրդողանի' որպես նախագահի թեկնածուի դեմ:

 

«Էրդողանն իր երկրորդ դասը կստանա օգոստոսին: Թուրքերի հայրենիքը կերջանկանա Էրդողանից և ԱԶԿ-ից փրկվելու օրը, և դրանով վերջ կդրվի թուրքերի բոլոր դժբախտություններին»,- ասել է Բահչելին:

 

ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի թեկնածուն լինելու է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր թեկնածուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Գտնում ենք, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Էրդողանը մասնակցելու է նաև կուսակցության 2015 թ. խորհրդարանական ընտրություններին: Արդյունքում, փոփոխություն կատարելով երկրի Սահմանադրության մեջ, նախագահի լիազորություններն ավելացվելու են: Այսպիսով' Էրդողանն իր սիրելի ազգին ծառայելու է մինչև 2023թ.»,- ասել է նա:

 

Էրդողանի' Թուրքիայի ապագա նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը: «Ակնհայտ է, որ նախագահի' իշխող կուսակցության թեկնածուն ընտրություններում կստանա ձայների 90 տոկոսից ավելին»,- համոզմունք է հայտնել Արինչը և խորհուրդ տվել առաջատար ընդդիմադիր կուսակցություններին ժամանակ չկորցնել միասնական թեկնածուի որոնումների վրա, այլ քվեարկել իշխող կուսակցության թեկնածուի օգտին:

 

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014թ. օգոստոսի 10-ին: