«Наша Армения»-ն հայտնում է, որ ուրբաթ՝ դեկտեմբերի 27-ին, Կալիֆոռնիայի դատարանում տեղի ունեցած դատական նիստում որոշվել է 1982 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած ցմահ դատապարտված Համբիգ Սասունյանին պայմանական ազատ արձակել:
Երեկ' դեկտեմբերի 28-ին, Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտեց այս որոշումը. «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք այս որոշումը, որը դեռ կարող է բողոքարկվել և ենթակա է հաստատման Կալիֆոռնիայի նահանգապետի կողմից,- ասվում է նախարարության հայտարարությունում։- Այս որոշումը, ճանապարհ է հարթում մեր դիվանագետի մարդասպանին ազատ արձակելուն, որը նահատակվել է պարտականությունները կատարելիս, հակասում է համընդհանուր օրենքի և արդարության սկզբունքներին և համատեղելի չէ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ոգու հետ»:
Ավելի վաղ՝ այս տարվա մայիսի 30-ին, Կալիֆոռնիայի պայմանական ազատ արձակման խորհուրդը նամակ էր հղել Թուրքիայի իշխանություններին՝ տեղեկացնելով, որ խորհրդին դիմում է ներկայացվել Համբիկ Սասունյանի պայմանական ազատ արձակման վերաբերյալ դատական նիստը անցկացնել ավելի վաղ, քան սահմանված է։ Խորհուրդը պահանջել էր, որ թուրքական կողմը այս հարցում հայտնի իր դիրքորոշումը, ինչին ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ս.թ. հունիսի 27-ին հարցի վերաբերյալ իր առարկությունն էր հայտնել խորհրդին։
Նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել էին թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆոռնիայի նահանգապետարանին հղված նամակները:
Համբիկ Սասունյանը (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում) եղել է «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին, ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:
1973-1986 թվականների ընթացքում ԱՍԱԼԱ-ի մարտիկները սպանեցին 31 թուրք դիվանագետների ամբողջ աշխարհում: Սպանությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լիբանանում, Հունաստանում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Կանադայում, Պորտուգալիայում, Իրանում և Միացյալ Թագավորություններում