Թուրքիան ցնցած «Էրգենեքոն»-ի գործով ձերբակալված մի քանի տասնյակ զինվորականներ և այլ հայտնի դեմքեր ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի ծանր հանցագործությունները քննող դատարանն «Էրգենեքոն»-ի գործով ազատ արձակելու որոշում է կայացրել շուրջ երկու տասնյակի հասնող զինվորականների, լրագրողների, հրապարակախոսների վերաբերյալ: Դրանց թվում են իրավաբան Քեմալ Քերինչսիզը, լրագրող Թունջայ Օզքանը, գրող- հրապարակախոս Յալչըն Քյուչուքը, պաշտոնաթող գնդապետներ Լևենթ Գյոքթաշը և Դուրսուն Չիչեքը, Սեդաթ Փեքերը, Իբրահիմ Շահինը, Ալփարսլան Ասլանը, Մեհմեթ Ալի Չելեբին, Հասան Իքսըզը, Շեներ Էրույգուրը, Մարդան Յանարդաղը, Ալադդին Սևիմը, Մուզաֆֆար Թեքինը, Հասան Աթիլլա Ուղուրը, Հիքմե նթ Չիչեքը:
Թուրքական դատարանն ազատ է արձակել նաև Հայոց ցեղասպանության դեմ անհիմն պնդումներով հանդես եկող Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին: Թուրքական դատարանը մերժել է բավարարել ևս վեց դատապարտյալի ազատ արձակելու վերաբերյալ դիմումները: Իսկ Դուրսուն Չիչեքը և Արփարսլան Ասլանը բանտից չեն կարողացել դուրս գալ, քանի որ ներքաշված են եղել մեկ այլ դատական գործում:
Ազատության մեջ հայտնվածների մի մասը դատարանի կողմից դատապարտված էին ցմահ ազատազրկման: Նրանց մի մասը բանտից դուրս է եկել երկրի տարածքը չլքելու գրությամբ:
Մարտի 7-ին դատարանը որոշում էր կայացրել Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին ազատ արձակելու վերաբերյալ: Ազատ էր արձակվել նաև Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը' Էրհան Թունջելը:
Թուրքիայում սկսված «Էրգենեքոն»-ի դատավարության շրջանակներում ավելի քան 5 տարի առաջ ձերբակալվել էին մի քանի տասնյակ զինվորականներ,պատգամավորներ ու լրագրողներ'Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով: «Էրգենեքոն»-ի անդամները նպատակ են ունեցել երկրում անկայուն իրադրություն և քաոս ստեղծելու միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնել: Նրանց ծրագրերի մեջ է եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունը:
Թուրքիա, Էրգենեքոն, ազատ արձակել