Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի մի խումբ անդամներ ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Զինված խմբի վնասազերծման գործով ձերբակալված Լիլիթ Թորոսյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել: «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոխվել է: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասաց նա:

 

Ազատ է արձակվել նաև նույն գործով ձերբակալված Նելլի Մինասյանը: Նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Նույն գործով ձերբակալված Հայկ և Հրանտ Վարդանյանները ևս ազատ են արձակվել: Տեղեկատվությունը հաստատեց նրանց փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ նրանց նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ էր հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

 

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

 

Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված էին եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել էին:

 

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով։