Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության շրջանակներում մի քանի նախարարների ձերբակալված որդիներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Կալանավորումից ազատվել են նախկին ներքին գործերի նախարարի որդի Բարըշ Գյուլերը, էկոնոմիկայի նախկին նախարարի որդի Քաան Չաղլայանը: Ազատ արձակվածների շարքում է նաև ադրբեջանցի գործարար Ռեզա Սարրաֆը: Այլ մանրամասներ «Մեծ կաշառք» գործողության շրջանակում ձերբակալվածների ազատազրկման վերաբերյալ դեռ չեն հաղորդվում:

 

Ստամբուլում դեկտեմբերի 17-ի առավոտյան ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի եւ շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիների, հայտնի գործարարներ Ռեզա ՍարրաՖի, Ալի Աղաօղլուի, «Հալք» բանկի տնօրենի հետ ձերբակալվել են 50-ից ավելի անձինք, ովքեր կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մեծ յուրացումների մասնակցության մեջ:

 

Թուրքիան ցնցած այդ ձերբակալություններից հետո հիշյալ նախարարները եւ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով եւս կասկածվում է «որոշ հարցեր լուծելու համար» Սարրաֆից 1,5 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ, հրաժարական են ներկայացրել երկրի վարչապետին: