Թուրքիայում այսօր ազատ են արձակվել դեկտեմբերի 17-ին Ստամբուլում եւ Անկարայում անցկացված ապօրինությունների եւ կաշառակերության գործողությունների շրջանակում կալանավորված կասկածյալներից թուրքական Halkbank-ի տնօրեն Սուլեյման Ասլանը եւ եւս 8 չինովնիկներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը մերժել է նույն գործողությունների շրջանակում կալանավորված ներքին գործերի նախկին նախարար Մուամար Գյուլերի որդուն' Բարըշ Գյուլերին, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի որդուն' Քաան Չաղլայանին եւ ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին (Ռզա Սարրաֆ) ազատ արձակելու մասին փաստաբանների պահանջները:
Դատախազությունն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել նաեւ Սուլեյման Ասլանի ունեցվածքի վրա նախկինում դրված արգելանքը: Հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում Սուլեյման Ասլանի' Ստամբուլում գտնվող տնից ոստիկանությունը կոշիկի տուփերում պահվող 4,5 մլն դոլար կանխիկ գումար էր հայտնաբերել: