Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով ձերբակալված անվտանգության պետ Օզքան Մումջուն և ոստիկանական ծառայող Մուհիթթին Զենիթը ազատ են արձակվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, նրանք ազատության մեջ են հայտնվել երկրից դուրս չգալու պայմանով: Ավելի վաղ նրանք ցուցմունք էին տվել Դինքի գործը քննող նոր դատախազ Գյոքալփ Քյոքչուին:
Այն բանից հետո, երբ Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրեց Դինքի սպանության գործով անցնող' այն ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջեռահի, Ալի Ֆուաթ Յըլմազերի հետ այլ պաշտոնյաների հարցաքննությունը, գործը քննող Ստամբուլի դատարանը որոշել է միացնել Տրապիզոնում ևս անցկացվող պետպաշտոնյաների հարցաքննությունները: Այսինքն, գործով անցնող բոլոր պետպաշտոնյաները, այդ թվում նաև Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, այն ժամանակ Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը, ոստիկանության հետախուզական վարչության ղեկավարներից Էնգին Դինչը, Ֆարուք Սարըն, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն, Մուհիթթին Զենիթը, Մեհմեթ Այհանը այսուհետև հարցաքննվելու են միևնույն' Ստամբուլի հանրապետական դատախազությունում:
Դրանք այն պաշտոնյաներն են, ովքեր կասկածվում են Դինքի սպանության մասին նախապես տեղեկացված լինելու, սակայն, պաշտոնեական պարտականությունները կատարելու գործում թերանալու մեջ:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու և ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են:
Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետևում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ: