Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով դատարանը որոշում է կայացրել երկու ոստիկանի ձերբակալման վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, ավելի վաղ սպանության գործով հարցաքննվել և ազատ էին արձակվել հանցագործության իրականացման ժամանակ Տրապիզոնի հետախուզության կոմիսար Օզքան Մումջուն և ոստիկանական աշխատող Մուհիթթին Զենիթը: Սակայն գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն բողոքարկել է նրանց ազատ արձակելու որոշումը, որը բավարարվել է դատարանի կողմից:

 

Զենիթը հայտնի է Դինքի գործով կասկածյալ Էրհան Թունջելի հետ ունեցած կապերով: Սպանությունից հետո մամուլում տարածվել էր նրանց երկուսի հեռախոսազրույցի բովանդակությունը:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վերսկսել զրոյից:

 

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջեռահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: