Չնայած Թուրքիայի ջանքերին, ՄԱԿ-ում ընդունվել է ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների սոցիալ-մշակութային ավանդույթները հարգելու և նրանց արժեքներն ու իրավունքները ճանաչելու վերաբերյալ Հայաստանի առաջարկը: Ամփոփելով ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի աշխատանքները` Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նստաշրջանի օրերին «Զբոսաշրջության էթիկայի մասին» կոնվենցիայի նախագծի նախնական քննարկման նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որին անդամակցել և աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Քննարկումների արդյունքում Հայաստանի պատվիրակության պնդմամբ և հիմնավորմամբ կոնվենցիայի նախագծում ներառվել են դրույթներ ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների սոցիալ-մշակութային ավանդույթները հարգելու և նրանց արժեքներն ու իրավունքները ճանաչելու վերաբերյալ:
«Թուրքիայի պատվիրակությունը պնդում էր Կոնվենցիայի նախագծի 4-րդ հոդվածից հանել ազգային փոքրամասնությունների իրավունքները ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև 5-րդ հոդվածում չներառել ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների` մարդու իրավունքների խթանման դրույթը: Հայկական պատվիրակությունը ելույթ ունեցավ և ընդգծեց, որ բոլոր համայնքներում տեղաբնակները, անկախ քաղաքական իրավիճակից, իրավունք ունեն իրենց մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու: Մեր ելույթից հետո հարցը դրվեց քվեարկության և մեր առաջարկն ընդունվեց»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի շրջանակում հայկական պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել այլ երկրների զբոսաշրջության ղեկավարների, նախարարների հետ, քննարկել զբոսաշրջության հնարավորությունները: Վերահաստատվել է նաև Մեծ մետաքսի ճանապարհին զբոսաշրջային արդյունքի ձևավորման Հայաստանի առաջարկը: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ հանդիպել են նաև Չինաստանի մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ: Մեկ լրագրող հրավիրվել է Հայաստան տեղում զբոսաշրջային հնարավորություններին ծանոթանալու համար:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը մասնակցել են Չինաստանի Չանգդու քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ն անցկացված ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի աշխատանքներին: