Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին' Ամենայն Հայոց կաթողիկոսը հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման պատասխանատու առաքելության մեջ նրան հաջողություններ է մաղթել: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերություններին և պետությունների սերտ գործակցությանը' գոհունակություն հայտնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կարևոր ջանքերի համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական համատեղ միջպետական հարաբերությունների արդյունքում ձևավորված գիտական, տնտեսական, մշակութային փոխգործակցության արդյունավետությանը: Այս առիթով նորանշանակ դեսպանը վստահեցրել է Ամենայն Հայոց Հայրապետին, որ պետք է հետամուտ լինի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական գործակցության զորացմանը: Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը միևնույն ժամանակ անդրադարձել է հայ ժողովրդի պատմության մեջ ու կյանքում Հայ եկեղեցու ունեցած վիթխարի դերակատարությանը, ապա շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսն օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով:
Զրույցի ընթացքում խոսվել է նաև Ֆրանսիայի հայոց թեմի և եկեղեցական կյանքի, տարբեր Եկեղեցիների հետ Հայ եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ծրագրվող միջոցառումների և նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման վերաբերյալ ընդունված որոշման մասին: