Ֆրանսիան դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Փարիզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Haqqin.az լրատվականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նա վերահաստատել է միտքն այն մասին, որ Ֆրանսիան նախատեսում է հետագայում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Մենք հուսով ենք, որ մեր ջանքերը դրական արդյունքի կհանգեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- հայտնել է Պասկալ Մոնյեն:
Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները: