Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նախագահները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին ՀՀԿ գործ ադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նախագահները վերահաստատել են, որ հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման ցանկացած փորձ անընդունելի է և դատապարտելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա նշեց, որ իրենք բարձր են գնահատում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի համար կարևորագույն հարցեր են քննարկվել: «Դա երկու դաշնակից երկրների նախագահների հանդիպում էր: Մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ պետք է շարունակենք մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսսաստանի Դաշնության հետ: Դուք գիտեք, որ մեզ համար անվտանգության հարցը շատ կարևոր նշանակություն ունի, և մենք ամեն ինչ անելու ենք մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար, իսկ այդ գործում շատ կարևոր դեր ունի Ռուսաստանը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին՝ գերժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելու համար:
Շարմազանովը կարևորեց այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 198 դոլարից նվազեցրել է՝ դարձնելով 165 դոլար, որը Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս գազը սպառել գործող սակագնով:
Եզրափակելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը պետք է խորացնի իր համագործակցությունը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ: